Եթե որոշել եք ժամանակակից սառնարանային տնտեսություն հիմնել, ապա այս խորհուրդները հենց Ձեզ համար են։
•սառնարանային պահեստի շինարարության ընթացքում պետք է հաշվի առնել մի շարք գործոններ.
Առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել պահեստի աշխարհագրական դիրքին: Շրջակա միջավայրի ջերմաստիճանը և խոնավությունը զգալիորեն ազդում են սառնարանային սարքավորումների աշխատանքի վրա: Շոգ կլիմա ունեցող շրջաններում սառնարանային պահեստում պահանջվող տեխնոլոգիական ջերմաստիճան ստանալու համար անհրաժեշտ է առավել հաստ ջերմամեկուսիչ։ Ելնելով նրանից, թե ինչ է պահվելու՝ կարելի է կառուցել սառեցվող պահեստ` մրգերի և բանջարեղենի տարբեր տեսակների համար իրարից անջատ, մեկուսացված սառնարանային խցիկներով: Պահվող արտադրանքի ծավալից է կախված պահեստարանի տարողունակությունը, ինչպես նաև սառնարանային և օդափոխիչ կայանքների հզորությունը: Կարևոր է նաև տեղանքի ճիշտ ընտրությունը, որպեսզի ճանապարհը մթերքի աճեցման վայրից մինչև սառնարանային խցիկը երկարատև չլինի: Մրգի և բանջարեղենի երկարատև տեղափոխումը բացասաբար է ազդում դրանց հետագա պահպանման վրա:Սառնարանային պահեստի որակի վրա մեծ ազդեցություն ունի նաև ընտրված շինարարական հրապարակի հարթությունը: Եթե պահեստը կառուցված է ոչ մեծ թեքությամբ հրապարակի վրա, ապա դա կհանգեցնի ջերմամեկուսացման իջեցման և դրա անընդհատության և հերմետիկության կորստի:
•սարքավորման տեղադրումը
Մրգերի և բանջարեղենի պահման օպտիմալ ռեժիմ ապահովելու համար անհրաժեշտ է կատարել սառեցնող սարքավորման և դրա տեղակայման ճիշտ ընտրություն։ Սառնարանային խցիկի օգտակար ծավալը ճիշտ հաշվարկելու համար (օրինակ՝ խնձոր, լոլիկ) անհրաժեշտ է ծավալը(մ3) բազմապատկել 0,25 տ-ով:
Օրինակ՝ 400(մ3) ծավալով խցիկը կարող է տեղավորել մինչև 100 տ խնձոր (400(մ3) x 0,25 = 100):
Սառնարանային ագրեգատի պահանջվող հզորությունն առավել ճշգրիտ հաշվարկելու համար պետք է տոննաների քանակը բազմապատկել 0,15-0,25 կՎտ-ով: Ստացված արդյունքը կլինի սառնարանային ագրեգատի պահանջվող սառնաարտադրողականությունը:
Օրինակ՝ 100 տ խնձորի որակյալ պահպանման համար պահանջվում է մինչև 20 կՎտ հզորությամբ սառնարանային սարքավորում (100 Х 0,2 = 20): Պետք է հաշվի առնել, որ ստացված մեծությունը հաստատուն չէ. այն կախված է խցիկների ջերմամեկուսացումից և կիրառվում է պտղաբանջարեղենային արտադրանքի 10-15% միաժամանակյա բեռնման պայմանով։